2020-10-16

Անկախության պատերազմ Մաս Ա: Ծագումնաբանությունը

 

Անկախության պատերազմ

Մաս Ա: Ծագումնաբանությունը: Ռուսական գործոնը



 

Այսօր արդեն շատերին է տեսանելի կապն Արցախում ըթնացող պատերազմի Մերձավոր Արևելքի անկայունության հետ: Սիրիական վարձկանների ներկայությունը ռազմակաճակոտմ շատ խոսուն նյութական փաստ է:

 

Բայց երբ դեռևս 2016-ին խոսում էինք Ապրիլյան պատերազմ – Մերձավոր Արևելք կապի մասին, շատերը նայում են մեզ, այնպես կարծես այլմոլորակային ենք: Ի՞նչ Մերձավոր Արևելք, ի՞նչ Սիրիա: Ավելի հեշտ էր ամեն բան բացատրել տեղական մանր-մունր բաներով, տեղավորել ներքաղաքական պայքարի դեմագոիգիայի մեջ:

 

Ի՞նչ է տեղի ունենում իրականում:


Ղարաբաղյան կոնֆլիկտի հավերժացումը՝ հետևանք միջազգային հարաբերությունների

 

Ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք չի եղել մաքուր հայ-ադրբեջանական: Եթե լիներ այդպիսին՝ վաղուց ավարտված կլիներ՝ պատերազմի արդյունքներով կողմերից մեկը կհարաժարվեր իր նպատակներից, և կկնքվեր խաղաղություն: Գուցե լինեին հետագաոյում ռևանշի փորձեր, բայց միջակայքում չէր լինի սառեցված կոնֆլիկտ, այլ լիարժեք խաղաղ հարաբերություններ, ինչպես որ լինում է բոլոր նման դեպքերում՝ նորմալ ավարտված պատերազմներից հետո:

Եթե ուզում եք հասկանալ ինչ է նշանակում արտաքին միջամտությամբ սառեցված կոնֆլիկտ, պատկերացրեք, որ մեկը կանգեցներ բոլորս հայտնի Երկրորդ Համաշխարհային պատերազմը 1943 թվականի կողմերը, ու ցայսօր փնտրեր դրա խաղաղ լուծումը, իսկ օրինակ, Գերմանիան և Ռուսաստանը ցայսօր ապրեին՝ ինչպե՞ս լուծել կոնֆլիկտը հարցի և միմյանց նկատմամբ աննախադեպ ատելության պայմաններում: Աբսո՞ւրդ է: Բայց այդ աբսուրդում մենք արդեն ապրում ենք 3 տասնամյակ, և երկրորդ սերունդ երիտասարդներն են իրենց արյունը թափում:

 

Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ եղել է, ոչ թե սոսկ հայ-ադրբեջանական կռիվ, այլ միջազգային հարաբերությունների հարց՝ միանգամից մի քանի մեծ և միջին տերությունների շաերի ներգրավմամբ: 1988-1994 թթ.-ին Ղարաբաղյան հակամարտության «տաք» փուլը մասն էր հին աշխարհակարգի տապալման և նորի կայացման:

Իսկ 1994-2016 համեմատաբար խաղաղ, սառը փուլը մասն էր նոր աշխարհակարգի կայունացման, և կոնֆլիկտի շուրջ աշխարհաքաղաքական ազդեցությունների հավասարակշռության:

Լարումը սկսեց աճել դեռ մինչև 2016-ը: Եվ լարման աճը ցուցիչ էր համաշխարհային և տարածաշրջանային անկայունության աճի, այլ ոչ միայն զուտ ներքին՝ հայկական և ադրբեջանական զարգացումների: Իհարկե, ներքին գործոնները դեր ունեին՝ դրա հետ չի կարելի վիճել: Ադրբեջանը ռևանշի նպատակը դրել էր: Բայց որպեսզի ռեևանշի փորձն իրականություն դառնար, պետք էր արտաքին միջավայրի կտրուկ փոփոխություն:

 

Սիրիան և Ղարաբաղը

 

2010-ականնեի հենց սկզբից համաշխարհային անկայունության աճ գրանցվեց: Ասպես կոչված արաբական գարունը Մերձավոր Արևելքում դրա ամենա արտահայտիչ դրսևորումն էր: Այս գործընթացով անցած երկրների մի մասը՝ Սիրիա, Լիբիա, Յեմեն վերածվեցին մշտական պատերազմի թատերաբեմի, ըստ էության թլուզվեցին որպես պետություններ:

Մերձավոր Արևելքը «պատահական» տարածաշրջան չէ: Այն հատկապես հազար ու մի թելով կապված է Եվրոպայի հետ: Պատմականորեն, աշխարհագրորեն, տնտեսապես փաստացի կա մեկ մեծ գերտարածաշրջան՝ Եվրոպա-Մերձավոր Արևելք-Հյուիսային Աֆրիկա: Դրանց ճակատակագիրը միասնական է դեռ նախնադարից: Անկայունությունը Մերձավոր Արևելքում անմիջական անդրադարձ ունեցավ Եվրոպայի վրա: Այսպես կոչված «պոպուլիզմի», եվրասկեպտիցիզմի աճը, փախստակաների ճգնաժամը Եվրոպայում առավել ցայտուն օրինակն է:

 

Բնականաբար Մերձավոր Արևելքը հազարումիթելերով կապված է նաև Այսրովկասի հետ, որքան էլ մենք դա ցայսօր չգիտակցենք: Հարավային Կովկասը մեշ հավով մի դուռ է կամ մի ճանապարհ դեպի Մերձավոր Արևելք, և այս իմաստով էլ եղել է մեծ տերությունների հակամարտության գոտի:

 

Երբ 2015-ին Ռուսաստանը շատերիս համար անսպասելիորեն միջամտեց սիրիական գործերին հնչեց մեզ համար առաջին զանգը: Սա իր ժամանակին հեղափոխական քայլ էր: Երբեք հետսովետական Ռուսաստանը չէր միջամտել նման կերպով որևէ ոչ հետսովեական տարածքի խնդիրներին: Սա հետսովետական Ռուսաստանի կողմից լրիվ նոր համաշխարհային դերի հավակնության նշան էր: Ըստ էության՝ մարտահրավեր նետվեց այն սահմաններին, որոնք լռելյան նախատեսվել էին այդ երկրի համար նոր աշխարհակարգում: Ռուսաստանը սկսեց իր պայքարը նոր տեղի համար արևի տակ:

Բայց սա ինքնին հենց հետևանք էր 90-ականներին կայացած աշխարհակարգի ճգնաժամի, թուլացման, նրա ներսում «խաղ տալու» տեղի ազատման:

90-ականների աշխարհը, որում կայացել էր Ղարաբաղյան ստատուս քվոն, ավելի ու ավելի անցյալ է դառնում:

 

Սիրիա մտնելուց հետո, Հարավային Կովկասը վերածվեց սիրիական գործողության թիկունքի: Իհարե, Հարավային Կովկասը միշտ էլ Ռուսաստանի ազդեցության գոտին էր: Սակայն այժմ խաղադրույթները բարձրանում են: Սիրիայում ներգրավված Ռուսաստան համար պետք է ազդեցության և վերահսկողության մի կարգ բարձր չափ քան այն ինչ կար 1990-ականներից:

 

Ռուս-թուրքական հարաբերությունների ցիկլերը

 

Վերջապես Սիրիա մտնելուց հետո, սկսվում է դարերի պատմություն ունեցող ռուս-թուրքական բարդ, դիալեկտիկ հարաբերությունների մի նոր փուլ: Ռուս-թուրքական հաաբերությունները հետսովետական շրջանում մինչ այդ զուրկ էին ավանադկան դրամատիզմից: Նախկին հակասությունները չկային, բայց չկար և հենց այդ հակասություններից ժամանակ առ ժամանակ ծնվող կարճատև բարեկամությունը: Բայց աստիճանաբար դրանց դինամիկան ու ինտենսիվությունը փոխվեց, և Սիրիական պատերազմը այդ միտումը վերջնական դարձրեց:  

Սիրիան Թուրքիայի համար նույնն է, ինչ Կովկասը ռուսների: Սիրիան թուրքերի համար սեփական տունն է, կամ գոնե սեփական տան այգին: Հատկապես Սիրիայի հյուսիսն ընկալվում է որպես թուրքական հայրենիքի մաս:

Եվ ահա, ռուսների մուտքը թուրքական «տուն», ի վերջո տրամաբանական հանգեցնում է թուրքերի պատասխան մուտքին՝ ռուսական «տուն»՝ Հարավային Կովկաս, որն, իհարկե ինքնին էլ լիովին օտար չէ Թուրքիայի համար:

 

Մի երկու խոսք ռուս-թուրքական հարաբերությունների մասին ընդհանրապես:

Դրանք ընդունված է համարել որպես ավանդապես կոնֆլիկտային: Անշուշտ այս ընկալման մեջ կա ճշմարտություն՝ պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են եղել, և բազում պատերազմներ վարել միմյանց դեմ: Սակայն ռուս-թուրքական հաաբերությունների պատմությունն ավելի բարդ է:

Մրցակցության և հակադրության ու պատերազմների շրջաններն այստեղ բազմաթիվ անգամ ընդմիջվել են, եթե ոչ լիարժեք դաշինքների, ապա փոխգործակցության, համագործակցության փուլերով: 1

920 թ.-ի ռուս-թուրքական դաշինքը բացառություն չէ, թեև մեզանում այսօր գրեթե միակ հայտնի օրինակն է: Թերևս միայն պատմաբանների մի մասն է այսօր հիշում, սակայն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ևս մեկ ջերմացման շրջան եղել է Ալեքսանդր 3 կայսեր օրոք, երբ միաժամանակ գագաթի է հասնում Ռուսաստանում հակահայկական քաղաքականությունն ու տրամադրությունը:

Ընդհանուր օրինաչափությունը հետևյալն է՝ Ռուսաստան ու Թուրքիանի մրցել են միմյանց հետ Մերձավոր Արևելքում, Միջերկրականում, Կովկասում ազդեցության համար, սակայն, նրանց շահերը հաճախ համընկել են ընդդեմ անգլիական և ընդհանրապես արևմտյան քաղաքականության:

Այս հարաբերություններում, ավելորդ է, ասել, որ հայկական հարցը խաղացել է կարևոր դեր:

Ռուս-թուրքական հակասությունների սրման շրջանում ռուսները միշտ էլ փորձել են հայերին օգտագործել որպես հակաթուրքական գործիք: Իսկ ռուս-թուրքական ջերմացումների փուլում՝ համետեղ ուժերով փորձել են զսպել հայկական գործոնը: Հիմնականում՝ թուրքական վտանգի և ջարդերի սպառնալիքով հայերին հնազանդության բերելու տարբերակով, ըստ որում՝ հայերն այս տարբերակում ներկայացվել են որպես անգլիական կամ ավելի լայն՝ արևմուտքի գործակալներ, հեղափոխության տարածողներ և այլն:

Այս ամենը կրկնվել է մեր պատմության մեջ ոչ մեկ անգամ, և պետք է, որ անգիր արած լինեինք այս սցենարները, բայց մենք ցավոք չունենք անկախ հայկական պատմագիտություն, որն այդ փորձը մանրամասնորեն վերլուծեր և ներկայացներ: Այս սցենարների հետ է հիմնականում կապված հայ ժողովդրի մեծաքանակ կորուստները վերջին մեկուկես դարերում:

 

Երբ 2015-ին Սիրիա ռուսական միջամտությամբ վերսկվեց ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ակտիվ փուլը, ապա դրա մեջ հայկական հարցի ներգծումը միայն ժամանակի հարց էր:

 

Ավելի մոտ լինելով մեր տարածաշրջանին, Ռուսաստանն առաջինը սկսեց գործել: Թուրքիան բացահայտ միացավ խաղին ավելի ուշ:

Թուրքիայի այսօրվա քաղաքական գիծը նմանություններ ունի Ռուսաստանի գծի հետ: Թուրքիան նույնպես հավակնություն է ներկայացրել՝ իր տեղն արևի տակ վերանայելու, լայնացնելու այն ազդեցության սահմանները, որոնք լռելյայն նախատեսված էին նրա համար նոր աշխարհակարգում: Եվ Թուրքիան նույնպես դիմադրություն է հանդիպում, կռվի մեջ է իր պատկերացրած իրավունքների համար, և այդ կռվում ունի և հաջողություններ, և ձախողումներ:

Չի կարելի այս առումով թերագնահատել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ռուսատանի քաղաքականությունը՝ տրվելով «գիժ Էրդողանի» կամ «դիկտատոր Պուտինի» մասին դատարկ քարոզչական պատկերներին:

Պետք է իրատեսական և սթափ գնահատել իրավիճակները: Երկուսն էլ ներկայացնում են իրենց երկրների ավանդական քաղաքաան ձգտումները:

 

Այսրկովկասի ստատուս քվոն և Արցախը

 

Ասեցինք արդեն, որ Սիրիա ռուսական միջամտությունից հետո, Հարավային Կովկասի կարևորությունը բազմակի մեծանում էր Ռուաստանի համար՝ որպես մերձավորարևալյան գործողության բնական թիկունք: Սա էլ, իհարկե, նոր բան չէ: Կովկասից այս կողմ և ավելի հեռու դեպի Հայկական Լեռնաշխարհ և Իրան Ռուսաստանի տարածումը միշտ էլ որպես ռազմավարական նպատակ ունեցել է Մերձավոր Արևելքն ու Միջերկրականը, այսինքն մեր տարածաշրջան ճանապարհի դեր է խաղացել:

Իր դիրքերն աշխարհում նորովի սահմանելուն ձգտող Ռուսաստանին այլևս չեր կարող ձեռ տալ 1990-ականնեին Այսրկովկասում հաստատված ստատուս-քվոն: Իհարկե, այդ ստատուս-քվոյի մեջ էլ Ռուսաստանի ազդեցությունն անհամաչափ մեծ էր, բայց նոր պայմաններում՝ Հարավային Կովկասը պետք է ավելի ամուր և հուսալի թիկունք դառնա:

 

Իսկ ո՞րն է Հարավային Կովկասի ստատուս քվոն: Դրա բանալին Լեռնային Ղարաբաղում է: Այո, խնդիրը ոչ թե պարզապես Ղարաբաղան հակամարտության ստատուս-քվոն է, այլ՝ ամբողջ Հարավային Կովկասի:

Ինչո՞ւ:

Առաջին պատճառն աշխարհագրական դիրքն է:

Եթե վերհիշենք ռուսական բոլոր արշավանքները Այսրկովկաս՝ սկսած 18-րդ դարի սկզբից մինչև 1920 թվական, ապա բոլորում կարևոր, իսկ որոշներում, ինչպես հենց 1920-ին՝ գլխավոր դեր է ունեցել Դերբենտ-Բաքու-Ղարաբաղ ուղին: Սա պատահականություն չէ, որովհետև դա հյուսիսց տարածաշրջան ներխուժելու ամենահարմար ուղին է (մյուս երկուսն անցնում են Աբխազիայով և Դարյալի կիրճով՝ մոտավորապես Հարավային Օսիայի կողքով, բայց պակաս հարմար են):

1920 թվականի սցենարը հատկապես ուսոցողական է: 1920-ի մայիսին մտնելով Բաքու, ռուսական բանակն անմիջապես շտապեց դեպի Ղարաբաղմ, ուր այդ պահին ընթանում էր հայ-ադրբեջանական վճռական պատերազմը, և եկնտրոնացած էին ադրբեջանական զորքերի մեծ մասը: Կարմիր բանակն այստեղ մտավ որպես «խաղաղապահ»՝ դուրս մղելով Դրոյի բանակը դեպի Զանգեզուր: Արդեն 1920-ի ամռանն ու աշնանը Ղարաբաղից ռուսական բանակն արշավեց դեպի Զանգեզուր և այստեից էլ՝ Նախիջևան: Նախիջևանում կրկնեց նույն պատմությունը՝ խաղաղապահ առաքելության անվան տակ, ռուսները փրկեցին Նախիջևանի թուրքերին հայկական հաղթական արշավանքից՝ հասնելով ճիշտ այն պահին, երբ Նախիջևանը բանակցում էր հայերին հանձնելու պայմանների շուրջ: Հետագան հայտնի է՝ 1920 –ի հետ անալոգիայի մանրամասն վերլուծությունը կթողնեն մեկ այլ առիթի:

 

Ղարաբաղը գտնվում է Այսրկովկասի երկու մեծ գետերի՝ Քուրի և Արաքսի միջին հոսանքի հովիտների «արանքում»՝ դրանց նկատմամբ բարձրադիր, գերիշխող դիրքում: Իսկ Քուրի և Արաքսի հովիտները մեր տարածաշրջանի ամենա բանուկ ճանապարհների բնական ուղղություններն են տալիս՝ համեմատաբար ցածրադիր դաշտային տեղանքով, ինչը շատ կարևոր է մեծամասամբ լեռնային, կտրտված ռելյեվոֆ երկրամասի համար:

Արաքսի հովտով ճանապարհը տանում դեպի Նախիջրևան և Երևան, իսկ Քուրի հովտով դեպի Թիֆլիս: Այսպիսով, եթե որևէ մեծ ուժ, որևէ մեծ տերության զորամիավորում հայտնվում է Ղարաբաղում, նա իր ազդեցությունը «պրեյոկտում» է թե Հայաստանի, թե Վրաստանի մայրաքաղների ուղղությամբ:

Ղարաբաղն այդ առումով թե՛ Երևանի, թե՛ Թբիլիսիի թիկունքն է: Հայաստանի և Վրաստանի անկախության հանգույցն այստեղ է, ինչը հաստատվում է նաև 1920-ի փոձով: (19-րդ դարում ռուսական նվաճումը մի փոքր այլ ուղիով գնաց, բայց Ղարաբաղը կրկին կարևոր դեր ուներ, և համենայն դեպս Երևանն ու Նախիջևանը նվաճվեցին Ղարաբաղից հետո):

 

Երկրորդը՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի այն կոնֆիգուրացիան է, որը ձևավորվեց 1994-ի զինադադարով:

Ղարաբաղյան կոնֆլիկտը միակն է հետսովետական տարածքի կոնֆլիկտային գոտիներից՝ Աբխազիա, Օսիա, Մերձդնեստր, ուր երբեք տեղակայված չեն եղել խաղաղապահ՝ ռուսական զորքեր: Սա եզակի իրավիճակ է ստեղծում:

Չնայած նրան, որ Ղարաբաղյան հակամարտությունն էլ, արտաքին միջնորդությամբ սառեցվել է, հետևաբար վերցվել է արտաքին վերահսկողության տակ, այսինքն՝ պատերազմը չի հասել իր բնական ավարտ՝ խաղաղությանը, այլ հավերժացվել է հանուն մեծ տերությունների շահերի, սակայն, այդ վերահսկողությունը լիարժեք չի դարձել հենց խաղաղապահների բացակայության պատճառով:

Այսինքն՝ Արցախում անվտանգությունն ապահովվել է ոչ թե օտար, այլ սեփական ուժերով, և քանի որ պատերազմում հաղթող կողմը հայերն էին՝ նախևառաջ հայկական ուժերով: Սա յուրահատուկ Pax Armenica էր, թեև ոչ լիարժեք, բայց այդուհանդերձ արտառոց: Սառեցված կոնֆլիկտն, անշուշտ, վերահսկելի էր դրսից, սակայն, ոչ այն աստիճան, որքան նման դեպքերում լինում է:

Այս փաստում էր Հայաստանի ինքնիշխանության կետը: Ոչ թե ֆորմալ, այլ փաստական ինքնիշխանության:

Հայաստանն իր թեկուզև համեմատական խաղաղությունն ապահովել է իր ուժերով՝ իր հաղթանակով և իր զինված ուժերով:

Ավելին՝ միջազգային համակարգում Հայաստանը որպես պետություն, եթե ինչ որ կշիռ ու հետաքրքրություն ունեցել է, ապա հենց միայն Ղարաբաղի և ազատագրված տարածքների վերահսկողությամբ: Սա է եղել այն ավելցուկը, որը Հայաստանն առանցրել է իր նման տասնյակ այլ փոքր պետությունների մեջ: Առանց այս «իր գլխից վեր թռնելու» ժեստի Հայաստանը մի կորած, մոլորած անուն էր լինելու: Այս կետի շուրջ է շարունակվում հայոց պատմությունը, առանց որի այն կանգ առած կլիներ:

Հաշվի առնելով Ղարաբաղի տարածքի վերոնշյալ կարևորությունը թե՛ որպես Մերձավոր Արևելքի թիկունք, թե՛ Այսրկովկասի կարևորագույն հանգույց, թե՛ Իրանի հետ իր սահմանով, հասկանալի է, որ Pax Armenica-ն ոչ միայն Ղարաբաղյան, այլև տարածաշրջանային ստատուս-քվոյի կարևորագույն բաղադրիչներից էր:

 

 

Երկուսը մեկի դեմ

 

Տարածաշրջանային նոր իրավիճակ ստեղծելու համար, ամենահարմար գործիքն, ուրեմն, հայկական գերակայությամբ Ղարաբաղյան ստատուս-քվոն քանդելն էր:

Ինչպե՞ս հասնել դրան: Դիվանագիտական-քաղաքական ճնշումների ճանապարհով դա շատ բարդ լուծելի խնդիր էր: Դրա համար պետք էր ստիպել հայերին չափից ավելի անհամարժեք զիջումների, փաստացի՝ կապիտուլյացիայի: Ինչո՞ւ:

Խաղաղապահ զորք մտցնելու առիթ ստեղծելու համար, պետք է ստատուս-քվոյի փոփոխություն, սա պարզ է: Բայց ինչպիսի՞ փոփոխություն՝ սա է կարևոր:

 

Եթե օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը գալիս են իրապես փոխզիջումային համաձայնության, և հաստատվում է լիարժեք խաղաղություն, թե՛ պայմանգարյաին, թե՛ փաստացի վիճակով, ապա, հասկանալի է, որ խաղաղապահ ներկայության կարիք չկա: Ավելին՝ միջնորդ կողմը/կողմերը կորցնում են նաև այն վերահսկղության չափը երկու պետությունների նկատմամբ, որն ունեն եղած ստատուս-քվոյով:

Չէ՞ որ ինքնին պարզ է, որ այնտեղ ուր կա կայուն խաղաղություն, իմաստ չկա և խաղաղապահի: Խաղաղապահը պետք է հենց այնտեղ, ուր խաղաղություն չկա, ուր խաղաղեցնելու կարիք կա, ուր, ուրեմն, անկայուն վիճակ է: Ընդ որում՝ վիճակը պետք է մշտապես անկայուն մնա, որպեսզի խաղաղապահի կարիքն էլ մշտապես զգացվի:

 

Հենց դրա համար էլ օրինակ, տարածքներ ԼՂ անկախ կարգավիճակի դիմաց բանաձևն այստեղ չէր կարող աշխատել, որովհետև դրա դեպքում անիմաստ է դառնում խաղաղապահը:

Այսինքն՝ խաղաղապահի միտքն առաջ տանելու համար, պետք էր կարգավորման այնպիսի բանաձև, որը ոչ թե լուծում է տալիս, այլ հետաձգում է լուծումը անորոշ ժամանակով՝ միաժամանակ փոխելով ներկա ստատուս-քվոն:

 

Որպեսզի Ադրբեջանը համաձայնի խաղաղապահների տեղադրմանը, պարզ է, որ նա պետք է դրա դիմաց մի բան ստանա: Այդ ստանալիքը պարզ է՝ ազատագրված տարածքները կամ առնվազն դրանց մի մասը:

Իսկ ի՞նչ առաջարկել Հայաստանին: Որքան էլ զարմանալի է՝ ոչ մի բան: Արդեն տեսանք, որ ԼՂ անկախ կարգավիճակը բացառվում է այս տարբերակում, քանի որ այդ դեպքում կորում է խաղաղապահի իմաստը: Հայերին, ուրեմն, մնում է առաջարկել մի դատարկ բառակույտ, օրինակ՝ «միջանկայլ կարգավիճակ»՝ մի բան, որը միջազգային իրավունքում գոյություն չունեցող, չսահմանված մի բան է կամ «երաշխիքներ»՝ թղթի վրա, այսինքն՝ պարզապես խոստումներ, որ պատերազմ չի լինի: Նմանապես՝ անորոշ հեռանկարում՝ կարգավիճակի քննարկում կամ կամարտահայտություն: Ինքնին պարզ է, որ այն բանից հետո, երբ հայերը զիջում են իրենց ունեցած առավելության նյութական միակ բաղադրիչը՝ տարածքները, այլևս որևէ խոսակցություն ԼՂ որևէ կարգավիակի մասին Ադրբեջանից դուրս, անլուրջ է դառնում: Եվ ոչ ոք չի էլ պատրաստվում նման լուրջ խոսակցություն տանել: Խաղաղապահ զորքը չի գալիս՝ գնալու համար: Նա պետք է մնա, ու դրա հիմքով լուծվեն արդեն քաղաքական խնդիրները՝ տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու համար:

Առաջին հայացքից իռացիոնալ իրավիճակ է թվում: Ինչո՞ւ պետք է միջնորդն առաջարկի մի տարբերակ, որտեղ փոխզիջման փոխարեն կողմերից մեկին առաջարկվում է բոլոր դիրքերի զիջում՝ ոչնչի դիմաց, փաստացի կապիտուլյացիա և հրաժարում ամենից, ինչը ձեռք է բերվել արյունալի պայքարով՝ 1990-ականներին: Իրականում, ինչպես տեսանք ամեն բան տրամաբանական է: Պարզապես պետք է հաշվի առնենք, որ միջնորդությունը միայն անուն է, իսկ իրականում ի դեմս միջնորդների ունենք, ոչ թե իրապես չեզոք կողմեր, այլ սեփական քաղաքական նպատակները հետապնդող պետություններ: Բնականաբար այստըեղ որևէ արտառոց բան չկա՝ արտառոց կլիներ պատկերացնել, որ չեզոք միջնորդումն իրոք գոյություն կարող է ունենալ:

Փաստացի Ղարաբաղի շուրջ բանակցությունները ոչ թե երկկողմ են, այլ բազմակողմ, որտեղ կողմ են ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները, այլև միջնորդները: Իսկ վերջին շրջանում դրանք ավելի կոնկրետ՝ եռակողմ են, որտեղ երրորդ կողմը ռուսականն էր:

Եվ բանակցություններում ստեղծվել էր մի վիճակ, որում երկուսի շահերը համընկնում էին մեկի՝ հայկականի դեմ:

Ո՛չ նեղվելու բան կա այստեղ, ո՛չ էլ բախն անիծելու: Սա նմորմալ քաղաքական իրավիճակ է: Հայաստանի և Ռուսաստանի շահերը կարող են որոշ դեպքերում համընկնել, իսկ որոշ դեպքերում հակասել: Մանակպարտեզային թեմաները՝ հակառուսականություն, ռուսամետություն և այլն այստեղ կապ չունեն: Սա իրողություն է, որը պետք է հասկանալ, առաջ շարժվելու համար:

 

2016-ի պատերազմը

 

Արդեն, կարծում եմ, պարզ է դառնում 2016-ի պատերազմի ծագումնաբանությունը: Դիվանագիտական ճանապարհով ստիպել կողմերից մեկին միակողմանի զիջումների շատ բարդ է: Պատերազմն ավելի հուսալի տարբերակ է: Ու բացարձակ պարտադիր չէ այստեղ, որ միջնորդ կողմն ինքը հրահրի պատերազմ: Անիմաստ էլ է քննարկել հարցը նման մանրամասներով, որը մենք ո՛չ կարող ենք ստուգել փաստերով, ո՛չ էլ ապացուցելի կամ հերքելի է տրամաբանությամբ: Հրահրումն անհրաժեշտ չէ, բավական է՝ թույլատրել, աչք փակել, ուշացմամբ արձագանքել:

Ադրբեջանը մարիոնետ չէ: Նա իր ծրագրերն ունեցող պետություն է: Վաղուց նախապատրաստվում էր պատերազմի: 2010-ականների առաջին կեսին լարվածությունը ճակատում ավելանում էր: 2016-ին սկսվեց առաջին իրական պատերազմը 1994-ին: Բայց դա սկսելու համար, պետք էր համապատասխան արտաքին միջավայր, և դա կար:

Իհարկե, այսօր 2016-ի պատերազմի մի խաղ է թվում, մի էպիզոդ՝ համեմատած 2020-ի լայնածավալի հետ: Նույնիսկ պատերազմ անունը, կարծես, այնքան էլ չի սազում այս համեմատության մեջ այսօրվա հետ: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա շատ կարևոր հանգրվան էր՝ 2020-ից առաջ:

 

2016-ի նպատակները վճռական չէին: Բայց եղածը սովորական դիվերսիա էլ չէր: Փորձ արվեց հատուկ պատրաստված ուժերի ներգրավմամբ, շեշտակի անսպասելի հարվաներ հասցնել երկու կարևոր ուղղություններով՝ դեպի Մարտակերտ և դեպի Ֆիզուլի-Ջաբրայիլ: Հավանաբար հաշվարկն էր՝ արագ կերպով գրավել մի քանի անվանի բնակավայր, օրինակ հենց նույն Մարտակերտն ու Ֆիզուլին, և դրանից հետո, արդեն խախտված ստատուս-քվոյի պայմաններում՝ պարտադրել պարտություն կրած հայկական կողմին «լավրովյան պլանը»՝ տարածքների զիջում, խաղաղպահների մուտք, անորոշ կարգավիճակ Ղարաբաղի համար:

Չնայած ռազմական իամստով ծրագիրը ձախողվեց, սակայն, կայունությունը խախտել հաջողվեց: Միջնորդը սպասեց 4 օր, և տեսնելով, որ ռազմական մասը լիարժեք չի իրականանում, միջամտեց: Հավանաբար բավական համարվեց այսքանը՝ մնացած հարցերն արդեն քաղաքական ճնշմամբ իրացնելու համար:

Քաղաքական ճնշումը երկու ուղղությամբ էր: Մի կողմից բանակցությունների ինտենսիվացում, և համառ ջանքեր պարտադրելու «լավրովյան պլանը», այսինքն՝ արմատապես փոխելու ստատուս քվոն, այնպես, որ կոնֆլիկտի կառավարումը վերջնականապես անցնի միջնորդի ձեռքը: Շեշտենք՝ ոչ թե խաղաղության մասին էր խոսքը, այլ կոնֆլիկտի կառավարման ձևաչափի փոփոխության:

Եվ քաղաքական ճնշման մյուս մասը ներքաղաքական էր, որի կարևորագույն տարրը եղավ պարտության քարոզը: Ամեն գնով հայ հանրությանը, որն առանց այդ էլ չէր վստահում իր կառավարությանը, բայց միասնական էր պատերազմի ժամանակ, պետք էր ներշնչել, որ ռազմի դաշտում հայերը պարտություն են կրել: Վիրտուալ պարտությունը, պարտության զգացողության հաստատումը պետք էր ինչպես երկրի ներսում անկայունություն ստեղծելու, այնպես էլ՝ բանակցություններում հավելյալ ճնշում գործադրելու համար:

 

Այստեղ այլևս չենք մանրամասնի հետագա զարգացումները: Բոլորս էլ դրանք հիշում ենք: Չնայած ներքին ցնցումների, պարտության քարոզի հաջողության ինչ որ փուլից, և կառավարության պարտադրված փոփոխության՝ Կարեն Կարապետանի վարչապետ նշանակմամբ, չհաջողվեց իրականացնել մեծ նպատակները: Ի դեպ, այն ժամանակ էլ եղան կարծիքներ, թե պատերազմի պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ռուսների հետ հարաբերությունները փչացրեց: Սա տարածում էին նույն շրջանակները, որոնք նույնն էլ այսօր են տարաշում, դե գումարած, իհարկե, նորերին, որոնք այն ժամանակ հակառակ կողմում էին, բայց 2018-ից հետո դարձան այն, ինչը հենցն իրենք ամենից շատ քննադատում էին նախկինում:

 

Ցավոք 2016-ի մանրամասն վերլուծություն ու իմաստավորում այդպես էլ տեղի չունեցավ մեզանում: Մեզ դա թվաց պատահական էպիզոդ, որը հետո կորավ-գնաց ներքաղաքական մեծ և փոքր թեմաների մեջ:

Մենք չգիտակցեցինք պատերազմի խորքային պատճառները: Նաև՝ միամտություն ունեցանք ենթադրելու, թե մեծ տերությունը կարող է նպատակ դնել ու հեշտությամբ հրաժարվել դրանից:

 

Նախնական ամփոփում

 

Արցախյան ճակատում անկայունության աճը, ապա և նոր ռամական գործողություններն արդյունք էին մի կողմից Ադրբեջանի ռևանշի ծրագրի, իսկ մյուս կողմից՝ միջազգային անկայունության աճի, այդ թվում Մերձավորարևելյան ճգնաժամի:

2016-ի պատերազմը հնարավոր դարձավ, մասնավորապես, 2015-ին Սիրիա Ռուսաստանի միջամտությունից հետո, որով Այսրկովկասը ստացավ սիրիական գործողության թիկունքի կարգավիճակ:

Սիրիայի գործերին միջամտելը բացեց ռուս-թուրքական հարաբերությունների նոր ցիկլ, որն ի վերջո պետք է անդրադառնար նաև Այսրկովկասի, և ամսնավորապես Արցախի հարցի վրա:

Ղարաբաղյան ստատուս քվոն Այսրկովկասի ստատուս քվոյի կարևորագույն բաղադրիչներից էր, և նոր իրավիճակում այևս չէր բավարարում ոչ միայն Ադրբեջանին, այլև միջնորդի երում հանդես եկող Ռուսաստանին:

Ղարաբաղի հարցի կարգավորման նոր առաջարկներն արտացոլումն էին շահերի այս համընկման, և երկուսը մեկի դեմ հարաբերակցությամբ՝ հայկական կողմին փաստացի առաջարկվում էր՝ տարածքներ թղթերի և խոստումների դիմաց բանաձևը:

Կոնֆլիկտի կառավարումը պետք է լիովին անցներ ռուսական կողմին, և Արցախի հետագա ճակատագիրը փաստացի պետք է լուծվեր երկկողմանի՝ ռուս-ադրբեջանական ձևաչափով՝ հայերի միայն ձևական մասնակցությամբ, որովհետև տարածքները զիջելուց հետո, հայերի հետ ոչ ֆոմալ բանակցելը լիովին անիմաստ էր դառնում:

 

Ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական ճանապարհով չհաջողվեց Հայաստանին պարտադրել այս ծրագիրը:

 

Նոր նախապատրաստումից հետո՝ ծրագիրը պետք է կյանքի կոչվեր 2020-ին: Բայց կարելի արդեն այսօր ասել, որ այն չիրականացավ նաև այսօր՝ անկախ նույնիսկ պատերազմի ելքից: Թուրքիայի գործոնը խառնեց բոլոր քարտերը: Թե ինչու և ինչպես, կխոսենք հաջորդ անգամ:

 

Հ.Գ. Իրավիճակը շատ արագ է զարգանում: Պատերազմն այն գերդինամիկ է դարձնում: 2020-ի պատերազմը թեև պլանավորվում էր որպես հարցերի արագ լուծում, բայց երկարեց, որի պատճառով խառնվեցին բոլոր դերակատարների քարտերը: Այժմ արդեն Ռուսատանի կողմնորոշվելու ժամանակն է: Դրա մասին դեռ կգրենք, բայց զգուշացնում ենք, որ այս նյութի տրամաբանությունը որևէ կերպ չի կարող փոխվել ներկայի զարգացումների փոփոխություններից:

 

Ամենա էականը: Մենք կամ պետք է դադարենք քաղաքականությունը տեսնել պարզունակ, սևուսպիտակ գույներով և մեծ տերությունների քաղաքականությունը միագի վերուծենք, փնտրենք պարզ մեկքայլանի լուծումներ, կամ դադարելու ենք վերջապես ինքնուրույն ազգ լինելուց:

 

 Տեսեք նաև դեռևս այս տարվա հուլիսին գրված «Ինչո՞ւ է խաղարկվում թուրքական քարտը. «հայ ժողովորդի փրկության» սցենարի բեմականացումը»


 

 

No comments:

Post a Comment