2020-05-13

Նամակներ դրսից. Մեր պայքարը


Բարև, հուսամ, լավ եք:

Վերջին 4 տարիներին դժվարանում եմ հրապարակավ ձևակերպել մտքերս քաղաքական գործընթացների մասին: Ինչ գրում եմ, հա՛մ շատ երկար է ստացվում, հա՛մ էլ՝ հաճախ ոչ ընկալելի ընկերներիս համար: Պատճառն այն է, որ քաղաքական ընկալումը խմբային է՝ թիմային կամ այսպես ասած դասակարգային-խավային: Մարդիկ ընկալում են այն ինչ նախապես ընկալել են իրենց խավի կամ ավելի նեղ՝ իրենց թիմի ներքին շփումներում: Անհատական հայացքի, դիրքի, ընկալման և առավել ևս դրա փոխանցման ճիշտ ձևին շատ բարդ է հասնել:
Ես անցել եմ խմբային և թիմային փուլերը: Խմբային դիրքը գրեթե անխուսափելիորեն միֆոլոգիական է: Դա վատ չէ՝ առաց քաղաքական միֆոլոգիայի, չի կարող լինել քաղաքական թիմային պայքար: Բայց անհատական դիրքի համար միֆոլոգիայի անհրաժեշտություն չկա: Եվ իրենք իրենցով բացվում են բաներ, որոնք տեանելի չեն այլ տեղերից, այլ դիտանկյուններից: Վերլուծելն ավելի հարմար է անհատական դիրքից:
Իմ թիմային փորձի ամեն րոպեից նոր բան եմ սովորել ու յուրացրել: Այն ժամանակ ամեն գրածս՝ անկախ նրանից նույնիսկ, թե որքան բարդ կամ պարզ, կարճ կամ երկար էր, ու նույնիսկ անկախ նրանից, թե ի՛նչ էի իրականում գրում՝ ընկալելի էր միանգամից շատերի համար՝ այնքան ավելի ընկալելի, որքան ավելի լայն քաղաքական գործընթացի մաս էին այդ գրածները, որովհետև անկախ բառերից արտահայտում էր ընդհանուր զգացողություն: Այժմ այլ է: Այժմ՝ նույնիսկ առավել պարզ ու կարճը կարիք ունի բացատրության, մեկնաբանության։ Դրա համար ուզում եմ գրել ընկերական նամակներով՝ հուսալով, որ ես քիչ կասեմ, դու շատը կկարդաս:

Հարցնում ես, ի՞նչ է տեղի ունենում այժմ Հայաստանում: Լուրջ բան կա, թե՞ անկապ աղմուկ է: Սկսեմ իրավիճակի հիմքերից:

Երկու հարց չի լուծվում առանց պայքարի, առանց կռվի:
Արդարության, այդ թվում՝ ունեցվածքի հարցը՝ ընկերային (սոցիալական) հարցը:
Անկախության հարցը՝ ազգային հարցը:

Դեռևս հայ հեղափոխության նախահայր, ՀՀ պետական օրհներգի բառերի հեղինակ՝ Միքայել Նալբանդյանը սահմաել էր ազգային և ընկերային, անկախության և արդարության խնդիրների նույնությունը: Դրանք լուծվում են մեկը մյուսով, և մեկն առանց մյուսի թերի է:

Այսօր Հայաստանում հասունանում է, խմորվում է այդ պայքարը, կամ պայքարի նոր՝ առավել պատասխանատու փուլը:
Ոչ թե միայն արդարության, այլև՝ անկախության:
Ոչ միայն ներքին հարց է, ինչպես շատերն ընկալում են, այլև՝ արտաքին, ինչպես շատերն արդեն կռահում են:
Այս պայքարը չի լինելու հեշտ, չի լինելու պարզ, չի լինելու կարճ:
Այն լինելու բարդ, բազմաշերտ, հաճախ՝ դիմակավորված, ընկեր ու թշնամին այդքան հեշտ տարբերակվող չեն լինելու, տրամաբանությունը միանշանակ չի լինելու, հարվածները լինելու են անսպասելի, ուղերձների մի մասն՝ անուղղակի, մեկնաբանելի, քարտեզը՝ խճճված:
Այս պայքարի մաս՝ խնդիրներն ու գործոննները հիմնարար են, հետևաբար՝ պայքարն էլ հիմնարար է լինելու ու տևական, թեկուզ և որոշակի ակտիվացման և պասիվացման փուլերով:

Մի հիմնարար պատրանք կա ցայսօր՝ իբր հեղափոխությունը, որի հետ նաև քաղաքական կյանքի սուր փուլը կարող է ավարտվել ֆորմալ իշխանափոխությամբ և իրավական հռչակումներով:
Սկզբում կարծում էին՝ կավարտվեն ընտրությունները, կընտրվի նոր ԱԺ-ն, և այսքանով կավարտվի հեղափոխության քաղաքական մասը, և կսկվի այսպես ասած «խաղաղ շինարարության» շրջանը, առաջնային կդառնան տնտեսական հարցերը և այլն: Հետո ու մինչև հիմա դեռ մտածում են՝ կլուծվի ՍԴ հարցը, և սրանով վերջ կդրվի քաղաքական պայքարի սուր փուլին: Կամ հեսա այս օրենքն էլ կընդունենք, ու վերջ:
Ի հավելում սրան նաև այլ մոգական հասկացություններ, որոնք ըստ ֆորմալ մտածողության «վերջնական հարց լուծող են», զօրօրինակ՝ վետինգ, լյուստրացիա և այլն: Մարդիկ սովորում են նման «փայլուն ֆանտիկ» բառերն ու ճար չկա՝ դրանք սկսվում են ընկալվել որպես համադարման, որպես հարցերի պատասխան և լուծում, որպես ունիվերսալ դեղատոմս: Հարցն այս հասացությունների բովանդակությունը չէ՝ ճիշտ կամ սխալ, այլ խնդիրն ավելի ընդհանուր է՝ բառերով չէ պետք մտածել և վերլուծել, այլ կենդանի գործընթացներով:

Մտածել, որ հեղափոխությունը, եթե այն իրական է, այսինքն՝ հանրության հիմնարար վերակառուցումն է, կարող է ավարտվել՝ նպատակի հասնել և «խաղաղվել» ֆորմալ-իրավական «պրոցեդուրաներով»՝ պաշտոններ զբաղեցնելով, օրենքներ ընդունելով և այլն, նույն է, թե 1989-ին մեկը մտածեր (մտածողներ կային), որ Ղարաբաղի համար պայքարը կարող է ավարտվել Հայաստանի ԳԽ կողմից Ղարաբաղը որպես Հայաստանի մաս ճանաչմամբ: 1989-ին այդպիսի որոշում իրոք ընդունվեց և դա Ղարաբաղյան շարժման կարևոր փուլերից էր, բայց դրանով ոչ թե ավարտվեց, այլ սկսվեց միայն իրական պայքարը, որը դեռ պատերազմի փուլով պետք է անցներ: Իրավական հռչակումներն ու հայտերը պետք է ամրագրվեն իրական քաղաքական պայքարով, կամ էլ վավերացնեն այն ինչ արդեն ձեռք է բերվել բովանդակային քաղաքական պայքարով, կռվով:
Իրականություն, ուրեմն, այն է, որ հեղափոխության զարգացմանը զուգահեռ ոչ թե թուլանում է, այլ սրվում է քաղաքական պայքարը, և ոչ թե թուլանալու է, այլ ավելի ևս սրվելու է: Կրկնեմ, եթե խոսքն իրական հեղափոխական գործընթացի մասին է, հանրության իրական բովանդակային վերակառուցման: Բուն պայքարը ոչ թե անցյալում է, այլ առջևում է:

Երկրորդ պատրանքը։ Իբր այն, ինչ այս օրերին տեղի է ունենում զուտ ներքին գործընթաց է՝ պայմանավորված զուտ ներքին գործոններով:
Բայց Հայաստանում չկա զուտ ներքին քաղաքականություն: Ու 2016-ից հետո դա առավել ևս շեշտված է: Արատքին ու ներքինն այստեղ այնքան զուգորդված են, փոխկապակցված են, որ իմաստ էլ չկա դա տարբերելու:
Իմիջայլոց, մենք դեռ պետք է կառուցենք մեր ներքին քաղաքականությունը՝ քաղաքական դաշտը, իրավական նորմերը, պետական ու հանրային հաստատությունները՝ դա հենց ես կկոչեի հեղափոխության գերնպատակ ու իմաստ: Այսինքն՝ մենք դեռ պետք է ձգտենք նրան, որ որննանք իրապես ներքին քաղաքականություն՝ արտաքինից հնարավորինս զատված ու ինքնավար: Բայց այս հարցի մեջ հիմա չեմ խորանում՝ հիշատակում եմ, որ հիշենք, խոսենք մի առիթով:
Ճիշտ է, երբ 18-ի ապրիլին ժողովորդական զանգվախներ դուրս եկան փողոց ու դրանով իսկ էլիտար դավադրությունեը չեզոքացվեցին, դա ներքին քաղաքականություն էր: Բայց դա միայն սկզիբն էր, և միայն տարրերային էր: Էլիտաների մակարդակում դեռ գերակայողն արտաքին քաղաքականով պայմանավորված, գունավորված ներքինն է:

Մի կարևոր միտում ևս: Հեղափոխական գործընթացները՝ ժողովորական զանգվածների ներգրավածությունը, ու դրանց աջակցության հիմամբ՝ երկրի մեծ վերակառուցման փորձն ինքնաբերաբար հանգեցնում են երկրի ինքնիշխանության կարգավիճակի բարձրացման հայտի: Խոսքը, պարզ է, ոչ թե ֆորմալ-իրավական, այլ փաստացի ինքնիշխանության չափի մասին է, որ ամեն երկրի համար տարբեր է, ու փոփոխական է, դինամիկ է: Բայց միայն հայտ ներկայացնելը քիչ է, դա նույնպես պետք է պայքարով ապացուցվի: Արտաքին դիմադրություն անխուսափելի է: Ավելին՝ դա արդար է՝ հայտ ներկայացնողն ըստ կյանքի և պատմության բոլոր չգրված օրենքների պետք է ապացուցի իր արժանի լինելը նոր կարգավիճակի, դա ձրի չի տրվում: Քո ներքին ջանքը քո նոր սկզբունքների հայտարարությունը քիչ է: Դա սկիզբն է միայն, իսկ իրականացման իրավունքը պետք է դեռ նվաճել:
Սրանք ընդհանուր օրինաչափություններն են:

Ավելի կոնկերտը կա: Ես դրա մասին այսօր մենակ հպանցիկ կխոսեմ՝ հայցելով քո ներողամտությունն ու հուսալով, որ համբերատար կլինես՝ սպասելով քո ճգնավոր ընկերոջ հաջորդ նամակներին:
Դժվար է պատկերացնել, որ մեծ պետությունը, որը 16-ից այս կողմ նպատակ է դրել՝ իր զորքերը տեղադրել Ղարաբաղում, պիտի հանուն մեր սիրուն աչքերի հրաժարվի այդ նպատակից: Ճիշտ է, մեր դիմադրողական ունակության և իրական անկախության չափն երևում է հենց նրանից, որ այդ նպատակը չի իրացվում, բայց փորձն էլ ցույց է տալիս, որ հարցը չի փակվում, ու չի էլ կարող այդքան հեշտ փավել: Զգացվում է, որ դիմացինի համբերությունը հատում է, և նա նախազգուշացնող՝ ուղիղ և անուղղակի ուղերձներ է ուղարկում:
Բայց, սա էլ իմիջայլոց ասեմ՝ մեծ պետություն – մեր նման փոքր, բայց շեշտված ու ամուր ազգային ինքնությամբ պետություն հաղորդակցությունը շատ բարդ է նաև այն պատճառով, որ լավ չենք հասկանում միմյանց լեզուն: Մենք հաճախ չենք ստանում ու չենք հասկանում իրենց կարծիքով բաց տեքստով գրած ուղերձները, իսկ իրենք չեն հասկանում, չեն ընկալում մերը: Դա հիմնարար, գրեթե անլուծելի խնդիր է, որն այս պատմությանը հավելյալ հետաքրքրություն ու անկանխետեսելիություն է հաղորդում: Այս կռվում կարելի է հաղթել կամ պարտվել՝ նույնիսկ առանց հասկանալու, որ կռվի մեջ ես:
Բազմաթիվ նշաններից երևում է, որ արտաքին գործոնի դերը մեծ է:
Չեմ մանրամասնելու, բայց, օրինակ միայն այն, որ Հայաստանի նախագահի դեմ կոմպրոմատ է հրապարակվում կամ, որ Հայատանի ղեկավարներն անվանվում են հրապարակավ պետական դավաճաններ մի երկու օրինակ են այդպիսի նշանների: Իհարկե, ասածս, «էզոթերիկ է» հնչում, բայց քաղաքականությունը նշանաբանություն է, եղբայր, ինչպես դու էլ գիտես, և այն, այո՝ էզոթերիկ է, այսինքն ամեն ինչ բաց չի կարող ասել և չի ասում:
Իսկ եթե մարդիկ իմանային, թե հաճախ որքան աննշան, երկրորդդական-երրորդական բաներից, կարելի է վերլուծական կռահումներ անել, ինչ, կներես, աղբից կարելի է քաշել հոյակապ վերլուծական օղի, նրանք ոչ միայն կզարմանային, այլև պարզապես չէին հավատա: Քաղաքականոթյան հետ առաջին հայացքից որևէ կապ չունեցող մի մարդու, մի անմեղ սովորական գրառում ֆեյսբուքում կարող է շատ ավելին պատմել քան հատուկ ծառայությունների տեղեկատվությունը:

Հայաստանում երկու հիմնարար քաղական գործոն կա:
Մեկը՝ հայ ժողովուրդն է, մյուսը՝ ռուսական ազդեցությունն է: Մնացած բոլորը՝ քաղաքական ուժեր, գործիչներ այս երկու գործոնի շուրջ են «պարում», այս երկուսով են թույլ կամ ուժեղ: Անուները կարևոր էլ չեն՝ դրանք ըստ իրավիճաի դիրքավորման կաող են փոխվել, բայց բուն դիրքերը նույնն են մնում: Հիմա, ինչ որ այսօր տեղի է ունենում՝ դրա թիկունքը, հենարանը, եթե երկրի ներսում չէ, երկրի մեծամասնությունում չէ, ուրեմն, դրսում է: Չկա, ըստ իս, այլ տարբերակ:

Հուսամ, հասկացար, որ ես քեզ ոչ թե «վախեցնել եմ» ուզում, այլ հակառակը՝ ոգեևորել: Եթե մոտ է անկախության համար պայքարի հերթական բաց փուլը, ապա մենք չէ, որ պետք  տխրենք կամ ընկճվենք դրանից: Հաղթանակից և հաղթանակի ակընկալիքից ավելի մեծ հաճույք տրված չէ այս կյանքում մահկանացուներիս:

Հ.Գ. Այս նամակս ոչ թե վերլուծություն էր, այլ տրամադրություն փոխանցող: Տրամաբանությունից առաջ կարևոր է տրամադրությունը, որով մոտենում ենք հարցերին: Իմ տրամադրությունն է՝ հույսս դրած ինքս իմ վրա շարժվել առաջ՝ սկզբում հասկանալու համար իրավիճակը, իսկ հետո՝ ըստ անհրաժեշտության գործելու:



No comments:

Post a Comment