2020-05-20

Նամակ երկրորդ. Մեր կինոն


Բարև, Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում:
Դեպքերի արհեստական էսկալացիան, պետք է ունենա իր կուլմինացիան: Չկա էս կարգի էսկալացիա անելու տրամաբանություն, եթե չի ենթադրվում, որ դա պետք է ունենա մոտալուտ կուլմինացիա: Տեղի ունեցողը չի կարող հեռահար նպատակներ ունենալ: Նպատակը պետք է համարվի մոտիկ, այլապես այսքան գազ տալն իմաստ չունի:

1.

Շատերը՝ քաղաքական մարդիկ դա չեն տեսնում նույնիսկ հիմա, այն դեպքում, երբ մայիսի առաջին օրերից դա արդեն տեսանելի էր, իսկ ապրիլին՝ որոշ նշաններից կասկածելի: Մի վրդովվի դրանից՝ հիշի, երբ Վանեցյանը հրաժարական տվեց, շատերը նույնիսկ այդ ժամանակ ասում էին, դե չէ, հազիվ թե հեղաշրջման փորձի համար հրաժարական տված լիներ: Դա իրենք կոչում էին դավադրության տեսություն: Դավադրության տեսություն, Կարլ: Աշխարհը ձեռի գնացել է, ու մեկ-մեկ չգիտես, ովքեր են ավելի զարմանահրաշ՝ նրանք, ովքեր հավատում են, որ վիրուսն այլմոլորոկայաիններն են ստեղծել, թե՞ նրանք, ովքեր կարծում են, որ նույն վիրուսի կապը Ուխանի վիրուսոլոգիական ինստիտուտի հետ ենթադրելը դավադրության տեսություն է: Ազնիվ խոսք, երկուսն էլ նույն սորտից են: Եթե սպասես դանդաղ ուղեղներին, ապա, դեպքից տաս տարի հետո էլ այն կարող են մնալ առեղծվածային:

Վերլուծություն անելու համար անհրաժետ է համարձակություն, ռիսկ, քաջություն: Մարդիկ կարծում են, որ վերլուծելու համար նախ խելք է պետք: Խելնքն ինքն իրենով ոչ մի բան չի որոշում՝ հազար ու մի բան կոչում ենք խելք: Իսկ քաղաքական վերլուծություն անելու համար հանճարեղ լինել պետք չէ՝ միջին ուղեղին էլ հասանելի են պարզ մեթոդները: Ընդամենը պետք է ուշադրություն, փորձ, համադրելու պարզ կարողություն: Բայց եթե շատերի մոտ, ով բավական խելք ունի, վերլոծելը չի ստացվում՝ պատճառը համարձակության պակասն է:
Սա նման է խաղադրույքի: Մեծ գումար շահելու համար, պետք է չվախենաս սխալվելուց, պարտվելուց: Բայց մյուս կողմից առանց ռիսկի գնալու, չես շահի ոչ միայն մեծ գումար, այլև ընդհանրապես ոչինչ չես շահի՝ միայն ֆավորիտների վրա խաղադրույք անողը պարտվում է:
Քաղաքական վերլուծողը չունի պատմագետի ժամանակը՝ հավաքել նյութերը, համադրել, տաս անգամ ստուգել, վերստուգել, համեմատել և այլն: Քաղաքական վելոuծողը գործում է ռեալ ժամանակի մեջ, և պետք է արագ կողմնորոշվի, պետք է իր վրա համարձակություն վերցնի: Իսկ արագ գործելու դեպքում, չի կարող խուսափել սխալներից: Քաղաքական վերլուծությունն արկած է, ուր առատ են և վտանգները, և որսը:

2.

Երբ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ արտաքին միջամտությունն ուժեղանում է, թեկուզ շատեի համար անտեսանելի կերպով, ապա դա բռնացնելու համար երեք նշաններ են կարևոր՝ բռնության աճը, վարկաբեկումը՝ ինստիտուտների և ժողովրդի, դավաճանությունը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ բռնության բոլոր խոշոր դեպքերը կամ հաստատապես կամ ենթադրաբար կապված են արտաքին միջամտության հետ՝ բացահայտ կամ քողարկված: Հայկական պետության ինստիտուտների և առհասարակա հայ ժողովդրի համակարգված վարկաբեկումը նույպես այս շարքից է: Սրանք ընմդամենը հիշատակում եմ, չեմ բացում այս պահին: Եթե Հայաստանն ունենար իրապես հայկական Ազգային անվտանգության կառույց, ապա այս թեմաներով պետք է գրվեին ու պաշպանվեին դիսերտացիաներ՝ այդ կառուիցի ներսում կամ դրա հովանու տակ:
Վերջին ամսում մենք ունենք առաջին երկու կետի մասով կտրուկ աճ ինչը աչք ունեցողի համար կարևոր նշան է: Իսկ երրորդը՝ դավաճանությունը, դեռ կտեսնենք, եթե գործի դրված ծրագիրը շարունակի ծավալվել:
Նորից արձանագրենք այս երեքը՝ բռնություն, վարկաբեկում, դավաճանություն: Բռնություն ասելով, նկատի չունեմ, ինչ որ ղզիկ նվնվոց այդ թեմայով՝ բռնությունն իր տեղն ունի կյանքում, այդ թվում քաղաքականության մեջ, և ավելին հանուն ինքնապաշտպանության ազգը ոչ միայն իրավունք, այլև պարտականություն ունի բռնություն գործադրելու: Իմ ասածն այլ է՝ «սովորական» վիճակում, երբ հայ քաղաքական կյանքն իրնքն իրենով ընթանում՝ քաղաքական հարցերը բռնության լուծելու միտումը նվազագույնն է մեզանում: Դա մեր քաղաքական մշակույթին բնորոշ չէ: Ու երբ դա փոխվում է՝ քաղաքական բռնության կոչերն ու դեպքերն աճում են, դա այն ապմն է հորիզոնում, որը նշանակում է դրսից եկած անձրևների ու ամպրոպների հավանականությունը:

3.
Հիմա արի փորձենք էս կծիկը քանդենք:
Ես առաջարկում եմ երկու մեթոդ: Կինոյի մեթոդը և փոստ-հեռագրային մեթոդը: Կինոյի մեթոդն ամենա պարզն է, հաանելի է նույնիսկ դպրոցական երեխաներին: Շարում ես իրար հետևից լուրերի ժամանակագրությունը, և փորձում ես դրանից ստանալ կինոյի կադրեր՝ միասնական սյուժեով: Սա, իհարկե, շատերին կործանաց, գժանոցի դուռ հասցրած մեթոդ է, որովհետև հասանելի է արաղի պես, բայց նաև վտանգավոր է արաղի պես: Բայց նրա պատճառով, որ աշխարհում կան ալկոհոլիկներ, մենք հո գինիով քեֆից չենք հրաժարվում: Նույնն է՝ եթե վախենում ես, որ կրակը քեզ կվառի, մի կպի, բայց մյուս կողմից՝ հում կերակուր կեր մենակ: Կամ, եթե վախենում ես սիրուն ու ուժեղ կանանցից, մի՛ սիրի, բայց փոխարենը զրկվի նաև մնացած ամենից, ինչ այդ սիրուց կարող ես ստանալ:

Ես ամբողջական ժամանակագրությունը չեմ վերականգնի, որ գլուխդ չտանեմ, բայց գրածս հիմնված է գրեթե ամբողջականի վրա՝ ապրիլից-մայիսի կեսեր: Կինոս հարմարության համար բաժանեմ առանձին սյուժետային գծերի, կադրերի առանձին շարքի:
Կադրերի շարք առաջին: Ապրիլի ու մայիսի սկզբին դեպքերի խտացում՝ հայհոյանքներ ԱԺ-ում ԱԺ փոխխոսնակի ու ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջև, Քյավառի դեպքեր՝ ամբոխը ջարդում է հիվանդանոցը կարանտինի պայմաններում, վզները կտրելու պատմություններ, հետո նորից փոխխոսնակի մասնակցությամբ ծեծկռտուկ: Այն ժամանակ ընկերոջս ասացի, եթե մի որոշ դադարից անց ունենանք շարունակությունը, ուրեմն, կարող ենք ավելի վստահ լինել, որ սա պատահական խտացում չէր, այլ նախազգուշացում, հրետանային նախապատրաստություն: Իրոք, դադարից հետո ունեցանք նոր դեպքեր՝ նորից ԱԺ-ում քֆուր, ծեծկռտուկ: Հետո եղավ նաև ԱԳ նախարարի հետ միջադեպ, և էլի բաներ, որոնք ինքդ էլ կհիշես ինձնից լավ:
Իհարկե, սրանք բոլորն առանձջին-առանձին վերցված կարող են լինել պատահականություն: Ու հաստատ ունեն օբյեկտիվ հիմքեր, նախապատմություն: Բայց այստեղ մի կարևոր բան նախ հասկանանք:
Լավ սադրանք այն չէ, որ չունի օբյեկտիվ հիմքեր, ու որ ոտից գլուխ սարքած է: Լավ սադրանքն այն է, որ ունի առավելագույն օբյեկտիվ հիմքեր, որի մասնակիցների մեծ մասն ինքնաբուխ են, և որտեղ անհրաժեշտ է պատրաստի հողի վրա ընդամենը մի լուցկի գցել՝ հրդեհ ստանալու համար: Թե չէ մարդիկ, կարծում են, որ սադրանքն այն է, որն իրենք պետք է ակնհայտ տեսնեն, կամ հասկանան բոլոր մանրամասներով: Ասա, այ բալամ, բա էլ ի՞նչ իմաստ ունի սադրել, եթե բոլորը պետք է հասկանան, որ սադրող կա: Շատերը հիմա, իհարկե, կասկածում են, որ եղածների մի մասը սադանք է, բայց ասեմ, որ էլի քիչ է: Պետք է նայել ոչ միայն ակնհայիտն, այլև հարց տալ, թե արդյո՞ք բոլոր կարմիր խաղացողներն իրականում կարմիր են: Թե չէ ակնհայտ սև խաղացողին բաբոս էլ կտեսնի:

Պատահականության մասին: Ամեն ինչ էլ կարող է լինել պատահականություն: Բայց մենք երկու տարի ապրում ենք հետհեղափոխական Հայաստանում, ի՞նչ եղավ, որ միանգամից այսքան պատահականություն եկավ կպավ էս 20 թվի մայիս ամսին: Երկու տարի սպասում էին բոլորը, որ հանմկարծ միանգամից բոլորն իրար քրֆեն, ծեծեն, ջարդեն, հարձակվեն, սադրեն:
Ու կարևոր է նաև դեպքերի ռիթմը: Դրանք ոչ թե հավասարապես բաշխված են ասենք երկու շաբաթվա ընթացքում, այլ խտացված են առանձին կետերում: Ունեն՝ հարված-դադարի տրամաբանություն: Ոչ թե քաոտիկ են, այլ կետային են:
Սրանց ընդհանուր իմաստը նախազգուշացող կրակն է, և մյուս կողմից՝ աստիճանական, դոզավորված էսկալացիան, որը պետք է իր գագաթին հասնի իքս կետին:
Իսկ մասնավորապես տեղի է ունենում վարկաբեկման գործողություն՝ ԱԺ, իրավապահ մարմիններ, ԱԳՆ, սրան գումարած՝ ընդհանուր հայ ժողովուրդ, որը պետք է ներկայացվի որպես վայրենի ու անկարգ: Նորից՝ կարևոր չեն այստեղ օբյեկտիվ հիմքերը, դրանք կարող են լինել կամ ոչ:
Կարևոր է, որ թիրախները՝ պետությունն ու ժողովուրդն են, այլ ոչ թե անձերը կամ քաղաքական ուժերը: Սա ներհայկական գործողություն չէ:
Ու մյուս կարևորը՝ այսօրվանից ուշադիր լինել, թե որոնք են լինելու թաքնված խաղացողները, ապագա դավաճաններն ու նաև անապասելի փրկիչները: Դրանք այս պահին դեռ երևացող խաղի մեջ չեն, ու հակառակը, եթե երևացող են, ուրեմն, հավանաբար՝ իրենք չեն:

4.

Կադրերի շարք երկուս:
Պիտի գնանք դեպի ապրիլ: Ապրիլն արտաքուստ ավելի խախանդ ամիս էր: Կինոները մեծ էկրանների համար չէին: Բայց ապրիլյան շղթան ավելի կարևոր է: Ապրիլին խոսացին գրեթե բոլոր նշանակալի դերակատարները՝ նշանակալոի ոչ պարտադիր իրենց ներկա քաղաքական կշռով, այլ իրենց սիմվոլիկ կարևոր դերով: Լևոն Տեր-Պոտրոսյան, կաթողիկոս, Սերժ Սարգսյան: Եվ հետո ասպարեզ եկավ Լավրովն իր հայտնի հայտարարությամբ:
Օ՛, դավադրությունների տեսություն: Չէ, բալեք, նորմալ քաղաքական վերլուծություն: Որովհետև, քաղաքականության մեջ, օ՛, զարմանք, լինում են դավադրություններ: Ու քաղաքական գործըթնացները պետք է սովորել կարդալ՝ սխալվելու պատախանատվությամբ: Բրուտոսը, որ Կեսաիրն սպանում էր, դա պատկերացրեք, դավադրություն էր, բայց դա կանխատեսելը դավադրության տեսություն չէր, այլ՝ վերլուծություն:

Լևոնն իր կարգավիճակին համապատասխան՝ բոլորից առաջ անցավ: Նա նույնն արել էր նաև 2015-ի նոյմեբերին, երբ փաստացի նախազգուշացրել էր 16-ի պատերազմի մասին: Երկրար լռությունց հետո, առաջին նախագահը մի հոդված գրեց, որտեղ, չգիտես ինչու կոչ էր անում սառեցնել ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները: Շատ այլ բաներ էլ էր գրել, բայց հարցը մենակ այն էր՝ թե՞ ինչ կապ ուներ ապրիլյանի հանձնաժողովը: Պատախանը չեմ ասում, այլ հարցը, որը տալն այս դեպքում պարտադիր է:
Շատերին թվաց, որ սա ասված է, ներքաղաքական ժամակավոր համերաշխության շրջարկում: Մինչ այդ արդեն հայտնի էր, որ Սերժ Սարգսյանը պետք է գնա հանձնաժողովի նիստին: Բայց հետո տեսանք, որ Սերժը խնդիր չունի այդ նիստին գնալու, ավելին՝ դատելով երկկողմ արձագանքներից Սերժի մասնակցությամբ նիստը շատ հաջող է անցել: Ուրեմն, ապրիլյան հանձնաժողովի խնդիրը Սերժի հետ խնդիրը չէր: ՀԺ-ում այդ օրերին մի խմբագրական հրապարակվեց, որ ընդհանարպես ապրիլյան հանձնաժողովը ներքաղաքական հարցերի հետ կապ չունի, որ դա պետական հարցեր է լուծում և այլն:
Սերժի հանձնաժողով գնալուց մի երկու օր առաջ, անսպասելի հայտնվեց Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը խոսեց Ռոբի խափանման միջոցը փոխեկու մասին: Ես ուղիղ չեմ կապում այս երկուսը: Բայց ինքնին պարզ է, թե որքան զարմանալի ու նշանակելի է կաթողիկոսի այս անսպասելի հայտնվելը քաղաքական թեմաների մեջ: Մանր-մունր բաներով բացատրելի չէ սա: Քանի որ խոսքը Վեհափառի մասին է, փորձեմ հնարավորինս զգույշ ձևակերպել, բայց Գարեգին Բ-ն խելագար չէ, որ չհասկանա իր հայտարարության արձագանքը, իր առանց այդ էլ խնդրահարույց վարկանիշի հետ խաղ անի, ու այդ ամենը հանոն Քոչարյանի, որը մեծ հաշվով ոչ մեկին պետք չէ՝ նույնիսկ իր գործոնը որպես խաղաքարտ օգտագործող արտաքին ու ներքին ուժերին, և առաջին հերթին հենց նրանց: Եթե Վեհափառը գնում է նման քայլին, լուրջ ճնշում պետք է եղած լիներ: Ո՞րտեղից: Երկրի ներսում չկա նման ճնշման գործիք ունեցող ուժ: Հայոց կաթողիոկսի դիրքը կատակ չէ: Ազդակը դրսից պետք է գար: Իսկ Ռոբի թեման ոչ թե բառացի է կարևոր, այլ որպես կարևոր նշան, իշմար՝ գործթընացները մեզ դուր չեն գալիս: Ի դեպ, նույնն է նաև Նժդեհի թեման՝ հայտնվում է, երբ պետք է, և անհայատնում նույնպես: Ինքն իրենով Նժդեհի թեման չի կարևոր դա բարձրացնողներին:


Սերժը գնաց հանձնաժողով ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 21-ին արդեն եղավ Լավրովի հայտնի հայտարարությունը, որը ապրիլյան «կադրերի» կուլմինացիան կարող ենք համարել: Միաժամանակ այդ նույն հայտարարությունը սկիզբ կարող ենք համարել հաջորդ՝ մայիսյան փուլի, որի մասին ադեն կարճ խոսեցի:
Ապրիլին ոչ ոք դե ոչ ոքի ակտիվորեն չէր հայհոյում, չէր ծեծում, սկանդալը սկանդալին չէր հետևում, կամ համեյան դեպս այս ամենը չէր հայտվում լրահոիս կենտրոնում: Բայց ապրիլին եղան բոլոր կարևոր հայտարարություններն ու նշանային ֆիգուրների հայտնվելը:
Մայիսին խաղի մեջ մտան արդեն երկրորդ լիգայի խաղացողները, ու արդեն լայն հանդիսատեսի համար նախատեսված տեսարանները:
Մեր կինոն, ունի, ուրեմն երկու սյուժետային գիծ: Մեկը՝ խորքայինը, որի թեմաներն են՝ ապրիլյան պատերազմ, ղարաբաղյան կարգավորում, նաև՝ Ռոբի դատ, բայց որպես ոչ թե բուն թեմա, այլ «իշմար», և ծանրակշիռ դերակատարներ՝ նախագահներ, կաթողիկոս, Ռուաստանի արտգործնախարար։ Եվ երկրորդը՝ «մայիսյան ապստամբությունը», որի թեմաներն են՝ քֆուր, ծեծ, սկանդալներ և այլն: Կարծում եմ, որ այս պահին առաջին պլանում երևացողները միայն երկրոդական դերակատարներն են: Կինոյի տղերքը հիմա առաջին պլան դեռ չեն մղվի: Ով հիմա շատ է խոսում, նա ճանապարհ հարթողներից է:

5.

Հասկացար, ես չեմ խորանում, թեմաները չեմ ծամում: Դրա ժամանակն էլ չկա: Ու օգուտն էլ մեծ չի ծամելու: Ես խոշոր գծերն եմ հիշեցնում, որ մեծ պատկերը չկորցնենք՝ ես ու դու: Ով անցել է Հայաստանի քաղաքական կյանքի փորձով, ով չի ապրում քաղաքական միֆոլոգիաների մեջ, ով հիշում է թեկուզ միայն 2016 թվականը, նրա համար բարդ չի լինի մանրամասները դուրս բերել այս ընդհանուր գծերից:
Ես մյուս անգամ նորից կանդրադառնամ վերջին երկու ամիսների դեպքերին, եթե մինչ այդ բանը բանից չանցնի, ու ստիպված չլինենք մտնենք «բլիժնի բոյ»: եթե հասցնեմ անդրադառնալ, դեքերն արդեն կնայենք մի քիչ ավելի բարդ՝ փոստ-հաղորդագրական մեթոդով:

Հարցնում ես, լավ, իսկ ինչպիսին կարող է լինել «կուլմինացիան»:
Այն պետք է լինի հնարավորինս լեգիտիմ: Ես մի երազ էի տեսել, որը ֆեյսբուքում էլ հրապարակեցի, ու հետո՝ փակեցի, ով տեսավ-տեսավ: Իմաստը հետևյալն է: Հասունացվում է մի իրավիճակ, երբ արդեն ոչ միայն վարչապետի հակառակորդներն, այլև՝ աջակիցներն են պահանջում կտրուկ փոփոխություն: Հանուն հեղափոխության, ոչ թե հանուն այլ բանի: Դա, կրկնեմ, պետք է դեռ հասունացվի: Եղածը դեռ քիչ է: Կարող են նույնիսկ մարդիկ մեռնել այդ ճանապարհին: Ցնցող դեպքեր լինել, սահմաններ խախտվել, որոնք երբեք չեն խախտվել: Վերջն ինչ որ ձայնագրություններ դուրս գալ աշխարհ երես:
Այդ ժամանակ է, որ հրապարակ պետք է դուրս գան նրանք, ով սպասում են իրենց պահին: Ամեն բան պետք է լինի այնպես, որ ազնիվ քյարփինջներին հավաստի թվա: Հենց իրենք էլ գուցե անհրաժեշտ առաջարկն անեն ու քվեարկողների մեջ լինեն: Նոր վարչապետը պետք է լինի ոչ թե պարզապես հեղափոխական, այլ գերհեղափոխական տղա, ազգի հերոս, վերջին հույս, թավիշին վերջ դնող, վետինգն էլ-պետինգն էլ անող: Հեղափոխական թիմից: Իրա պատիվը պահել իմացող: Իրենց անպաշտպան զգացող պատմագամավորների հզոր պաշտպան: Հեղաշրջումը սա է լինելու, այլ ոչ թե «վատ տղերքին» իշխանության բերելը բացահայտ:

Իհարկե, մի հավելում էլ անեմ: Եթե համարենք, որ նպատակը հենց հեղաշրջումն է: Բայց դա կարծում եմ երկու հնարավոր նպատակներից մեկն է: Խաղը միագիծ չէ, այլ բազմաճյուղ: Եղածը դեռ ճնշում է, որի դիմաց ակնկալվում են համարժեք զիջումներ:
Եվ մի կարևոր բան էլ: Մայիսյան ապստամբությունը հնարավոր է ճնշել: Եթե այն ճնշվի, խաղը չի ավարտվի, բայց մի կարևոր ռաունդ կպրծնի: Հին քարտերին տեր չի լինի, տերը նրանց «պրիզնատ» էլ չի գա, ու նորից կբաժանվեն քարտերը: Միյան թե կարևոր է գոնե այս անգամ հասկանալ, որ խաղ ոչ երեկ է սկսվել, ոչ էլ վաղն է վերջանալու: Առնվազն 2016-ի ապրիլից նույն կռվի մեջ ենք:









No comments:

Post a Comment