Բարև, հուսամ, լավ եք:
Վերջին
4 տարիներին դժվարանում եմ հրապարակավ ձևակերպել մտքերս քաղաքական գործընթացների
մասին: Ինչ գրում եմ, հա՛մ շատ երկար է ստացվում, հա՛մ էլ՝ հաճախ ոչ ընկալելի
ընկերներիս համար: Պատճառն այն է, որ քաղաքական ընկալումը խմբային է՝ թիմային կամ
այսպես ասած դասակարգային-խավային: Մարդիկ ընկալում են այն ինչ նախապես ընկալել են
իրենց խավի կամ ավելի նեղ՝ իրենց թիմի ներքին շփումներում: Անհատական հայացքի, դիրքի,
ընկալման և առավել ևս դրա փոխանցման ճիշտ ձևին շատ բարդ է հասնել:
Ես
անցել եմ խմբային և թիմային փուլերը: Խմբային դիրքը գրեթե անխուսափելիորեն
միֆոլոգիական է: Դա վատ չէ՝ առաց քաղաքական միֆոլոգիայի, չի կարող լինել քաղաքական
թիմային պայքար: Բայց անհատական դիրքի համար միֆոլոգիայի անհրաժեշտություն չկա: Եվ
իրենք իրենցով բացվում են բաներ, որոնք տեանելի չեն այլ տեղերից, այլ
դիտանկյուններից: Վերլուծելն ավելի հարմար է անհատական դիրքից:
Իմ
թիմային փորձի ամեն րոպեից նոր բան եմ սովորել ու յուրացրել: Այն ժամանակ ամեն
գրածս՝ անկախ նրանից նույնիսկ, թե որքան բարդ կամ պարզ, կարճ կամ երկար էր, ու
նույնիսկ անկախ նրանից, թե ի՛նչ էի իրականում գրում՝ ընկալելի էր միանգամից շատերի
համար՝ այնքան ավելի ընկալելի, որքան ավելի լայն քաղաքական գործընթացի մաս էին այդ
գրածները, որովհետև անկախ բառերից արտահայտում էր ընդհանուր զգացողություն: Այժմ
այլ է: Այժմ՝ նույնիսկ առավել պարզ ու կարճը կարիք ունի բացատրության,
մեկնաբանության։ Դրա համար ուզում եմ գրել ընկերական նամակներով՝ հուսալով, որ ես
քիչ կասեմ, դու շատը կկարդաս: